Պատահական էր, թե ոչ, բայց Օբամայի երդման արարողության օրը բրիտանական «The Independent»-ում հրապարակվեց «Աշխարհը պետք է նոր կացութակարգ կռի կամ գլորվի քաոսի գիրկը» հոդվածը։ Հեղինակը Հենրի Քիսինջերն էր` նախագահներ Նիքսոնի և Ֆորդի օրոք ԱՄՆ-ի պետքարտուղարը և մինչև օրս ամերիկյան առաջատար փորձագետներից մեկը միջազգային հարաբերությունների ասպարեզում։ Այն ժամանակ հոդվածը նշանակալի, ցնցող և խորիմաստ վերնագրին համարժեք արձագանք ունեցավ։
Ոմանք ասում էին, թե դա հնչում է որպես ծրագիր նոր նախագահի համար, ուրիշները քինոտ քմծիծաղում էին և ասում, թե «համաշխարհային կարգավորողի» բեռը ԱՄՆ-ի ուժից վեր եղավ, երրորդները ազդարարում էին «բազմաբևեռ աշխարհի» կազմավորման մասին և իրենց վրա փորձում «ուժի բևեռի» պատվավոր դերը։ Իսկ հիմա, որոշ ժամանակ անց, թեև «մարգարեական վերլուծությունները» չեն իրականացել, այդուամենայնիվ, և՛ հոդվածը, և՛ վերնագրում առաջադրված թեզը է՛լ ավելի մեծ հրատապություն են ստացել։ Եվ այժմ ավելի շատ տարածված են խոսակցությունները նոր «աշխարհաքաղաքական պատկերի» ձևավորման մասին։ Ինչի՞ վրա են դրանք հիմնված։ Ի՞նչ է փոխվում, և գլխավորը` ինչպես։ Իհարկե, աշխարհի կառուցվածքի էվոլյուցիան պարզունակ դիտարկել, կարծես, չարժե, բայց քաոսն աշխարհում արդեն իսկ կարծես առկա է։ «Միաբևեռ համակարգից» միջազգային ընկերակցության դժգոհությունը ևս կա։ Թեև ԱՄՆ-ը համաշխարհային հարցերում «խրվել մնացել է» և կորցրել խուսավարելու ազատությունը, «միաբևեռ աշխարհը» դեռևս գոյություն ունի, թեև սաստիկ թուլացել է։ Բայց այն կլինի՞, արդյոք, ավելի հեռու ապագայում։ Հազիվ թե։ Ինչպես ցույց է տվել քաղաքական պրակտիկան, և ինչպես վկայում են բնության օրենքները, մեկ հենարան ունեցող համակարգերը կայուն չեն։ Իսկ այն հարցը, թե ինչպես կարելի է կանխել մեկ երկրի գործողությունների հարուցած բացասական ազդեցության տարածումը մնացած ամբողջ աշխարհի վրա, հնչում է մշտապես, այդ թվում` Ամերիկայում։
Իհարկե, մենք բոլորս տեսականորեն և հուզականորեն պաշտպանում ենք անբախում «բազմաբևեռայնությունը»։ Սակայն հնարավո՞ր է, արդյոք, նման տարբերակը։ Եթե, ինչպես պնդում են, գոյություն ունի մի ինչ-որ «բազմաբևեռայնություն», ապա որտե՞ղ է դա արդի աշխարհում։ Ո՞վ պիտի կարողանար այդ «բազում բևեռները» կազմել։ Ի՞նչ «բազմաբևեռայնության» մասին կարող է խոսք լինել, երբ այդ բազում բևեռները, ինչպես ինքներս համոզվել ենք միջպետական հարաբերությունների վերջին բոլոր օրինակներով, պարզապես գոյություն չունեն։ Բացի այդ, վաղուց հայտնի է, որ «յոթ դայակի խնամած երեխան անաչք է լինում», իսկ եթե այդ «աչքը» մեր մոլորակն է, ապա, առհասարակ, բաններս բուրդ է։ Հիշենք` անցած դարի սկզբներին աշխարհում բավականին շատ «բևեռներ» կային, շատ հեղինակություններ, շատ հավակնություններ ու շահեր։ Եվ չափազանց քիչ` խնդիրները խաղաղությամբ և համատեղ լուծելու ունակություններ։ Իսկ հետո եղավ Առաջին աշխարհամարտը, հետո` Երկրորդը։ Իսկ հետո` Ստալինը, Ռուզվելտը և Չերչիլը (բարի կամքով, թե հարկադրաբար` կարևոր չէ) համաձայնության եկան սահմանելու յուրօրինակ հավասարաչափ ներկայություն աշխարհում և պայմանավորվեցին պետությունների հանդեպ վերահսկողությանն իրենց մասնակցության չափի շուրջ։ Այսինքն, հենց այն ժամանակ առաջին անգամ սկսեց գործել «աշխարհակառուցվածքի երկբևեռ համակարգը», և միայն դա, դուր գալիս է, թե ոչ, գոնե հարաբերական կայունություն մտցրեց։ Հիմա շատերն ասում են, թե այդ տասնամյակները, չնայած «սառը պատերազմին» և գաղափարախոսական դիմակայությանը, ամենահանգիստն են եղել մարդկության պատմության մեջ։ Այդ ժամանակաշրջանում աշխարհում միմյանց դիմակայում էին ոչ թե սոսկ երկու, ռազմական առումով, հզորագույն գերտերություններ և երկու համեմատաբար համադրելի մեծության տնտեսություններ, այլ մրցակցում էին երկու հակադիր սոցիալ-տնտեսական համակարգեր։ Դրանք, իրոք, «բևեռներ» էին։ Առաջատար ուժերն էին, համապատասխանաբար, ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը, և հենց այս հակադրությունն էլ կազմում էր աշխարհի հետպատերազմական երկբևեռ կառուցվածքի էությունը։ Հետո արդեն եղան ԽՍՀՄ-ի փլուզումը և «համաշխարհային ժանդարմ» ԱՄՆ-ը։ Դա հարկադրական քայլ էր գործընթացների գոնե հարաբերական կառավարելիության ապահովման ճանապարհին, թե «միաբևեռ գերիշխանության» հասնելու նպատակասլաց և լավ ծրագրված սխեմա, տվյալ պարագայում կարևոր չէ։
Բայց ի՞նչը պետք է փոխարինելու գա։ Ինչպես գրում են լրատվամիջոցները, վերջերս ԱՄՆ-ի հետախուզության գործերի խորհրդի` «Համընդհանուր միտումները մինչև 2025 թ.` փոփոխվող աշխարհ» զեկույցում Բարաք Օբամային հաղորդվել է, որ Չինաստանը ոչ միայն տնտեսապես, այլև քաղաքականապես է ունակ հավակնելու երկրորդ բևեռի դերին, իր դրոշի ներքո հավաքելով ամենատարբեր երկրների ու ժողովուրդների։ Եվ գլխավորը` անգամ քանակական չափանիշների շրջանակում չէ Չինաստանի և ԱՄՆ-ի մրցակցությունը։ Հենց Չինաստանն է աշխարհին ցույց տալիս զարգացման մեկ ուրիշ, այլընտրանքային տեսակ։ Եվ հենց դա են ուղղակի մատնանշում զեկույցի հեղինակները, կանխատեսելով ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության հետևանքները, ընդ որում, մնացած բոլոր երկրները հանդես կգան կամ որպես այդ երկու պետությունների հակառակորդներ, կամ որպես կողմնակիցներ։ Ստացվում է, մեր աչքի առջև առաջանում է լավ ծանոթ «երկբևեռ աշխարհի» նոր ձևաչափ, ուր սովետի նախկին տեղը ավելի ու ավելի վստահորեն գրավում է Չինաստանը։ Եվ, հնարավոր է, հենց դա էլ թե՛ «միաբևեռ աշխարհի», թե՛ «բազմաբևեռության» առասպելի իրական այլընտրանքն է։
Այսպիսով, կարելի է ակնկալել, որ մոտակա տարիներին ամերիկյան աշխարհառազմավարության գլխավոր ուղղությունը դառնում է նոր աշխարհակարգի կազմավորումը` Չինաստանի գործընկերությամբ։ Ավելի ճիշտ` աշխարհի բաժանումը ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև։ Ամերիկացիները Չինաստանին արդեն առաջարկել են G-2` «Մեծ երկյակ» բանաձևը, սակայն չինացիները, միտք անելով, հրաժարվել են։ Համենայն դեպս` խոսքով։ Չինաստանում ինչ-որ չափով մինչև հիմա կաշկանդված են այն սահմանափակումներով, որոնք ժամանակին առաջադրել է Դեն Սյաոպինը. «Սուրը քիչ դուրս քաշել պատյանից, ոչ ոքի չսպառնալ, ոչինչ չգլխավորել, բայց աստիճանաբար հարմարվել իրավիճակին, կուտակել սեփական հնարավորությունները, որոշ բաներ անել և որոշ բաների արձագանքել, սթափ գնահատել իրավիճակը»։ Այլ խոսքով` «դուրս չցցվել»։ Բայց այժմ Չինաստանում ավելի ու ավելի շատ մարդիկ են համարում, որ ժամանակն է «հայտարարելու իրենց մասին»։ Պեկինի օլիմպիական խաղերի, Շանհայի «Էքսպո-2010-ի» անցկացումից և այն բանից հետո, երբ երկիրը դարձավ «երկրորդ տնտեսությունն» աշխարհում, չինացիների մեջ ծնունդ է առել այն զգացողությունը, որ իրենք կարող են փորձել բարելավել իրենց դիրքերը համաշխարհային ասպարեզում։ Ճիշտ է, առայժմ պաշտոնատար անձինք առանց հոգնելու պնդում են, թե «մենք նման հնարավորություն չունենք, ու նաև մրցակցության բուն գաղափարը հակասում է չինական քաղաքական մշակույթին, մենք հանդես ենք գալիս ամբողջ աշխարհի խաղաղության օգտին, երկրագնդի բոլոր բնակիչների բարօրության օգտին»։
Այդուամենայնիվ, վերջերս Չինաստանն իրեն հռչակեց «գլոբալ պատասխանատվության տերություն», որից հետևում են մի շարք պարտավորություններ, որոնք երկիրն աշխատում է կատարել։ Չինաստանի աշխարհաքաղաքական ծրագրերը հանգում են «Մեծ Չինաստանի» հայեցակարգին (տարբեր կառույցների միջոցով քաղաքական-տնտեսական հնարավորությունների ընդլայնում)։ Օրինակ, տարածաշրջանում գործում են մի քանի խոշոր տարածաշրջանային կազմակերպություններ` ԱՊԵԿ-ը, ԱՍԵԱՆ-ը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը։ Տեղ ունի նաև Չինաստանի էթնիկ ներթափանցումը հարևան երկրներ, երբ չինացիների ոչ մեծ խմբեր մեկնում են այլ երկիր և այնտեղ արդյունաբերական արտադրություն հիմնում, ինչը հնարավորություն է տալիս ապօրինաբար ներթափանցելու մեծ թվով ներգաղթյալների։ Այսպես ասած, «ներգաղթազավթման» ենթարկվող հիմնական երկրներն են Ռուսաստանը, Ղազախստանը և Մոնղոլիան, ինչպես նաև Թաիլանդը, Վիետնամը, Նեպալը և Ինդոնեզիան։ Եվ այստեղ խիստ կարևոր է չինական պետականության գաղափարախոսական հիմնավորվածությունը. կոմունիստական գաղափարների և ինչ-որ հիերարխիականություն գովաբանող կոնֆուցիական փիլիսոփայության մի խառնուրդ։
Դա Չինաստանի նկրտումները միանգամայն հասկանալի է դարձնում հարևան երկրների համար, որոնք ընդհանուր առմամբ համաձայն են որպես երկրորդական կարգի երկրներ մասնակցելու այդ համակարգի կյանքին։ ՈՒստի և տարածաշրջանի երկրները երբեք չեն հակառակվում Պեկինի քաղաքականությանը` տալով կամ չեզոք, կամ բարեկամական գնահատականներ։
Այնուհետև Հարավարևմտյան Ասիան` Իրաքը, Իրանը, Աֆղանստանը, Պակիստանը. դրանք իրենցից ներկայացնում են ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առայժմ տեղի ունեցող լայնածավալ մրցակցության մի առանձնահատուկ գոտի։ Իրանը, ԱՄՆ-ի հետ առճակատման պայմաններում, անխուսափելիորեն կողմնորոշվում է դեպի Չինաստան։ ԱՄՆ-ի դաշնակիցների կազմից Պակիստանի «թռչելը» նույնպես վկայում է, որ տարածաշրջանում յուրօրինակ «վերաբեռնում» է տեղի ունենում։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը շուտով կհեռանա Աֆղանստանից, և այն ժամանակ, ամենայն հավանականությամբ, նրա տեղը, ընդ որում, ոչ թե ռազմական, այլ քաղաքական իմաստով, կգրավի էլի Չինաստանը, որն առանց այն էլ արդեն այդպիսի քայլեր անում է։ Դա ունի նաև պատմական նախադրյալներ. 1979-89 թթ. աֆղանական մոջահեդներին ցուցաբերած Չինաստանի աջակցությունը։
Չինաստանի ու Ճապոնիայի պատմական դիմակայությունը, առաջին հայացքից, ԱՄՆ-ին երկընտրություն է առաջադրում աշխատելու կամ Ճապոնիայի, կամ Չինաստանի հետ, ընդ որում, հենց այդ հակասությունները պետք է լուծվեն մոտ ապագայում։ Չինաստանն իր աշխարհաքաղաքական միջավայրի կառուցման առումով, ինչպես կարծում են փորձագետները, կունենա հետևյալ կարևորագույն ուղղությունները` դաշինք Ճապոնիայի հետ և անցում ԱՄՆ-ի հետ գործակցության նոր ձևաչափի, ապա տարածաշրջանում ավելի մեծ աստիճանի ինտեգրման և Սիբիրի բնական հարստություններից օգտվելու հնարավորություն։ Թայվանի հարցի ապագան ևս առավելագույնս պարզ է դառնում նոր աշխարհակարգի լույսի ներքո։ ԱՄՆ-ը ատամներով չի պաշտպանի իր իսկ ստեղծած հին դաշնակցին որպես «կոմունիզմի դեմ պայքարի գոտի»։ Քանի որ հիմա ոչ մի կոմունիզմ էլ չկա, կորել է նաև Թայվանի իմաստը։
Իսկ ի՞նչ է մնում անելու ԱՄՆ-ին։ Համընդհանուր գերիշխանության նա արդեն ակնհայտորեն ի վիճակի չէ հասնելու, Չինաստանի հարաճուն հզորությանն էլ խանգարել չի կարող։ Նշանակում է, մնում է իր ամենաուժեղ մրցակցի հետ ազդեցության ոլորտների խաղաղ բաշխման շուրջ համաձայնության գալ, ինչն ինքնըստինքյան ենթադրում է ուժի մյուս բոլոր համաշխարհային կենտրոնների ճնշում և անգամ վերացում։ Դրա համար բոլոր նախադրյալները կան, և գլխավորը, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն անլուծելի հակասություններ չունեն երկրագնդի և ոչ մի կետում։ Նրանց շահերը չեն բախվում ճակատագրորեն։ Իսկ այնտեղ, ուր դա այս կամ այն պատճառով տեղի է ունենում, կարող է համաձայնություն կայացվել։ Իսկ ինչ վերաբերում է այն հավաստիացումներին, թե Պեկինի` իր նշանակությամբ երկրորդ աշխարհաքաղաքական ուժ դառնալը նշանակում է, որ դա անխուսափելիորեն հակասություն կառաջացնի Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների հետ, ապա այսօր, նկատենք, երկու երկրների տնտեսություններն իրենցից ներկայացնում են մեկ մետաղադրամի երկու երեսը։ Այլ խոսքով ասած, այսօր չի կարող լինել այնպես, որ Չինաստանի տնտեսությունն անկում ապրի, իսկ ԱՄՆ-ինը մնա։ Եվ ընդհակառակը։ Հակառակորդի դեմ ուղղված ցանկացած դիվերսիա ուղղված է նաև հենց իր դեմ։ Նշանակում է, հենց այդ հանգամանքի շնորհիվ են ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի հարաբերությունները սկզբունքորեն և արմատապես տարբերվում ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններից։ Դա նաև ցույց է տալիս զարգացման չինական մոդելի տարբերությունը խորհրդայինից։ Շատ հետաքրքիր է, որ անգամ այնպիսի չափանիշով, ինչպիսին խաղաղասիրության համընդհանուր ցուցիչն է (բնութագրում է աշխարհի երկրների խաղաղասիրությունը` չափելով բռնության մակարդակը երկրի ներսում և նրա արտաքին քաղաքականության ագրեսիվության մակարդակը), անցած տարի երկու երկրները, փաստորեն, կողք կողքի էին` Չինաստանը 80-րդ, ԱՄՆ-ը` 85-րդ տեղում։ ՈՒ, հավանաբար, պատահական չէ, որ վերջերս Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի գլխավոր շտաբի պետ Չեն Բինդեն ութ օր շարունակ շրջում էր ԱՄՆ-ում, և պայմանավորվածություն ձեռք բերեց վերականգնելու կանոնավոր շփումները զինվորականների միջև, կատարելու ռազմանավերի այցերի փոխանակություններ և անցկացնելու համատեղ զորախաղեր։ Ինչպես հայտնի է, զինվորականները միայն վերջին պահին են սկսում «ախպերանալ», իսկ այդ մակարդակի չինական գեներալ վերջին յոթ տարում ԱՄՆ-ում չէր եղել։ ՈՒրեմն, այդ յոթ տարում մի ինչ-որ բան է եղել, որը ոչ միայն մոտեցրել է աշխարհի խոշորագույն տնտեսություններն ունեցող պետությունների կառավարությունների դիրքերը, այլև համարյա հարազատացրել է դրանք։
Այսինքն, թվում է, եթե նոր աշխարհակառուցվածքն ի հայտ գա, իսկ «երկբևեռ ձևաչափը» նորից աշխուժանա, ապա դա կլինի ոչ թե առճակատում և անգամ ոչ թե բաժանում ըստ ազդեցության գոտիների, այլ մի յուրօրինակ համատեղ տնօրինում և «պայմանագրային» կառավարում, այսինքն` այն, ինչ Քիսինջերն անվանել է «ընդհանուր ճակատագրի նախագիծ»։ Չէ՞ որ այդ քաղաքական գործչի թևավոր դարձած խոսքերից մեկը հռչակում է. «Ընտրության բացակայությունը միտքը պարզեցնելու հրաշալի միջոց է», և այժմ այդ խոսքը, ինչպես երբեք, օրախնդիր է։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից